Statement by the Armenian Community Council on PM Pashinyan’s questioning of the veracity of the Armenian Genocide (Armenian)

Աշխարհասփյուռ հայ համայնքները և Հայաստանի մեր հայրենակիցները ցնցված են վարչապետ Փաշինյանի դիտարկումներից՝ արված 2025 թ․հունվարի 24-ին, Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ընթացքում:

Հայոց ցեղասպանությանը անդրադառնալիս Փաշինյանը իր մեկնաբանություններով կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստի ճշմարտացիությունը:

Հայոց ցեղասպանությունը պատմության անհերքելի փաստ է, որը հաստատված է բազմաթիվ արձանագրություններում և պաշտոնապես ճանաչվել և որակվել է որպես ցեղասպանություն ավելի քան 30 երկրների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան և շատ այլ երկրներ։

Մինչ օրս Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ է դրվել Հայաստանի և Հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական տրամադրված փոքրաթիվ երկրների իշխանությունների կողմից, միանգամայն աներևակայելի էր սպասել, որ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը նույնպես ջուր կլցնի Հայ ժողովրդի դեմ գործող թշնամական ուժերի ջրաղացին։

Բրիտանահայ Համայնքային Խորհուրդը իր խորին մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում վարչապետ Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու փորձի առնչությամբ։

Ակնկալում ենք որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես և բացահայտ ներողություն կխնդրի իր անպատասխանատու արտահայտությունների համար, որոնք անարգում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, ինչպես նաև նրանց սերունդների իրավունքները, որի համար նրանք արդեն մեկ հարյուրամյակից ավելի անհավասար պայքար են մղում։

Բրիտանահայ Համայնքային Խորհուրդ,

Միացյալ Թագավորություն, Լոնդոն 10 Փետրվար 2025 թ․

Close Menu Icon